ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Նախագահի մոտ կատու են դառնում»

«Նախագահի մոտ  կատու են դառնում»
11.07.2014 | 00:49

Օրերս սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը հետաքրքիր հայտարարություն էր արել, նշելով, թե իշխանության վերին էշելոններում «զգաստ են, բայց միջին օղակում «բորենիների» համաստեղություն է»։ Այս առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ փորձեցինք պարզել՝ համամի՞տ է ՍԴ նախագահի ձևակերպմանը։

-«Բորենիներ» տերմինն առաջին անգամ ես եմ օգտագործել, ոչ թե Գագիկ Հարությունյանը,- ասաց պատգամավորը։
-Փաստորեն, ասվածին լիովին համամիտ եք։
-Անշուշտ։ Մեր հասարակության դժգոհությունն իշխանություններից պայմանավորված է ոչ թե վերին օղակների աշխատանքով, այլ այդ «բորենիներով»։ Նրանց վատ համբավը տարածվում է առաջին հերթին նախագահի, ԱԺ ղեկավարի և վարչապետի վրա։ Աշխարհի ոչ մի երկրում չկա այն մեխանիզմը, որ 100 տոկոսով չինովնիկների աշխատանքը վերահսկողության տակ պահի։ Խնդիրն այդ մարդկանց էությունն է ու նրանց գործողությունները։ Բնակչությունը շփվում է ոչ թե իշխանության վերևում կանգնած մարդկանց, այլ հենց միջին օղակների հետ։ Այսօրվա իշխանության հանդեպ հասարակության վերաբերմունքը, եթե ոչ 100, ապա 90 տոկոսով ձևավորում են այդ պաշտոնյաները։
-Հնարավո՞ր չէ այդ «բորենիներին» արագ հեռացնել իշխանությունից։
-Նախագահը, խորհրդարանի ղեկավարը կամ պատգամավորներն անընդհատ հսկողության տակ չեն կարող պահել այդ «բորենիներին»։ Հո պահակ չե՞ն էդ մարդիկ, որ ամեն օր նրանց հսկեն։ Անում են հնարավոր ամեն ինչ։ Եթե ՍԴ-ի ղեկավարը նման բան է հայտարարել, ուրեմն նման երևույթ հաստատապես կա։
-Ի վերջո, ինչպե՞ս պայքարել «բորենիների» դեմ։
-Ես այդ հարցում դաժան եմ։ Կարծում եմ՝ խիստ պատասխանատվության պիտի ենթարկել։
-Այսինքն, խնդրի լուծումը տեսնում եք իրավակա՞ն դաշտում։
-Հա, բա հո չե՞նք ծեծելու այդ մարդկանց։ Եթե մեկը բարձր ձայնով խոսում է, ու ոստիկանությունը դա խուլիգանություն է համարում և մեկ կամ կես տարով դատապարտում է ազատազրկման, ինչո՞ւ նման չինովնիկներին նույն կերպ չպատժել։ Հո միայն կաշառքը, կոռուպցիան չե՞ն դատապարտելի։ Ավելին, ամեն մի «փոքրիկ» չինովնիկ իր համար սեփական թագավորություն է ստեղծում ու իրեն պահում է նախագահի պես՝ շրջապատելով իրեն թիկնապահներով, նիստուկացը նմանեցնելով թագավորի նիստուկացին։ Նախագահի մոտ կատու են դառնում, իսկ երբ գալիս են իրենց կաբինետները, ստեղծում են սեփական իմպերիան՝ բոլոր ատրիբուտներով։ Այս ամենը գիտե՞ք ինչի արդյունք է՝ այդ մարդիկ ներքին հպարտություն չունեն։ Նախագահից, վարչապետից, ոստիկանապետից, դատախազից վախենում են, բայց իրենց սեփական «թագավորությունում» կորցրած ինքնասիրությունը բորենիական դրսևորումներով են փոխհատուցում։ ՍԴ-ի ղեկավարը, նման հայտարարություն անելով, չակերտները չի բացել, իսկ ես բացեցի։
-Ի դեպ, Գագիկ Հարությունյանը նաև նկատել է, որ «ազնիվ խոսքով» պետություն չես կառուցի։ Կարելի՞ է փաստել, որ մեկնարկած սահմանադրական բարեփոխումները առ ոչինչ են, եթե մեր երկրում օրենքներով չեն առաջնորդվում։
-Ընդհանրապես, ամեն ինչ առ ոչինչ է, եթե օրենքներով չենք առաջնորդվում։ Մնացյալը երկրորդական է։ Օրենքները պետք է գերակայեն, բայց այդ բորենիները սեփական օրենքներն են սահմանում։ Մեր օրենքները գիտե՞ք ինչու շատ անգամ չեն գործում, որովհետև վերջիններս այդ օրենքներից ենթաօրենքներ, ենթաօրենսդրական ակտեր են սահմանում, որոնք աղավաղում են ԱԺ-ի ընդունած օրենքները։
-Ամեն դեպքում, «բորենիներին» իշխանության են բերում վերևում նստած անձինք։ Չե՞ք կարծում, որ այս ամենում կա նաև նրանց մեղավորությունը։
-Իհարկե, իսկ ո՞վ է ասում, որ նրանք մեղավոր չեն։ Վերին օղակների մեղքով է, որ այսպիսի վիճակ է։ Եթե նրանց պատժեն, մյուսները կզգաստանան։ Այդ բորենիների խումբը հենց թողտվության արդյունքում է առաջացել։ Մի օրինակ բերեմ, թե ինչպես են նրանք իրենց պահում նախագահի ընդունելությունների ժամանակ։ Երբ նախագահը ներկա է լինում, բոլորը հեզ, խոնարհ, քաղաքավարի, քրիստոնեական տեսքով են հանդես գալիս։ Երբ նախագահը ոտքը «քաշում» է, բորենիներն իրենց դեմքը ցույց են տալիս։ Նման դեպքերում ես միշտ հիշում եմ Ալիմյանի կերպարը, երբ տրեխները դրել էր սնդուկում և վրեժ էր լուծում իր կորցրած ինքնասիրության համար։ Պիտի ընդգծել նաև, թե ինչու են այդ մարդիկ «բորենիներ», որովհետև դրանք այն կենդանիներն են, որոնք ոչինչ չեն անում, այլ սպասում են, թե երբ առյուծը կամ վագրը որս կանի։ Նրանց կողքին ման են գալիս, այնքան են զզվեցնում, որ առյուծը թողնում-գնում է, և լեշը մնում է նրանց։ Վերադառնալով ՍԴ նախագահի հայտարարություններին, նշեմ, որ մեծ հարգանքով եմ վերաբերվում ՍԴ նախագահին, մենք ուսանողական ընկերներ ենք, ու ողջունում եմ նրա բոլոր հայտարարությունները։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ